Միջազգային հանրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր միգրացիայի ամենամեծ ալիքն է ապրում: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ներկայումս միգրանտների ընդհանուր թիվը աշխարհում հասել է 275 միլիոնի, մոտ 85 միլիոնը լքել են իրենց տները, փախստականների թիվը մոտեցել է 30 միլիոնի»,- ասել է Էրդողանը միգրացիայի և փախստականների հարցերով միջխորհրդարանական համաժողովի տեսաուղերձում: Նա հավելել է, որ այս թվին պետք է գումարել ևս մոտ 5 միլիոն մարդ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները ուկրաինական ճգնաժամի ժամանակ։ «Ոչ ոք չի կարող խուսափել այս օրերի պատասխանատվությունից, երբ մենք ապրում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մարդկանց ամենամեծ տեղաշարժը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան վերջին յոթ տարիների ընթացքում ավելի շատ փախստականներ է ընդունում, քան մյուս երկրները։ «Ինչպես մենք ընդունեցինք մեր եղբայրներին՝ հարյուր հազարավոր մարդկանց Իրաքից Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ մենք մեր հողերում ընդունեցինք Սիրիայից 3,6 միլիոն փախստականների, որոնք փախել էին պատերազմից»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել խիզախություն ցուցաբերել միգրացիայի հիմքում ընկած մարտահրավերներին դիմակայելու հարցում։

152