
Արևմուտքի ճնշումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին պետությունների վրա ուժեղանում է, ուստի ասոցիացիայի երկրները կարող են միայն միասին արդյունավետորեն արձագանքել դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Հնգյակի առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ճնշումը մեծանում է: Դա ազդում է միության բոլոր անդամների վրա: Մեր տնտեսությունները սերտորեն կապված են, հետևաբար, միայն միասին մենք կարող ենք արդյունավետորեն արձագանքել ոչ բարեկամական քայլերին»,- ասել է ՌԴ վարչապետը:
Միշուստինը կոչ է արել միության մասնակից երկրների կառավարություններին նվազագույնի հասցնել քաղաքացիների վրա պատժամիջոցների ազդեցությունը, ինչպես նաև ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը։ «Տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների ցանկի իրականացման շրջանակում ընդունվում են անհրաժեշտ որոշումներ, նոր նախաձեռնություններն ակտիվորեն քննարկվում են բարձր մակարդակի հատուկ աշխատանքային խմբում»,- ասել է նա։
Միշուստինը շեշտել է, որ ԵԱՏՄ-ն իր գոյության ընթացքում հաստատել է իր արդյունավետությունը, ինտեգրացիոն աշխատանքի օգուտները զգում են ասոցացման երկրների քաղաքացիները։
«Կարճ ժամանակում ԵվրԱզԷՍ-ը (ԵԱՏՄ նախկին անվանումը) ապացուցեց իր արդյունավետությունն ու արդիականությունը, հաստատեց տարբեր մարտահրավերներին և տարբեր ռիսկերին ժամանակին արձագանքելու կարողությունը: Ամենակարևորն այն է, որ մեր երկրների քաղաքացիներն առօրյա կյանքում զգում են ինտեգրացիոն աշխատանքի առավելությունները»,- ասել է Միշուստինը։
Միշուստինը կարևորել է եվրասիական ինտեգրման հետագա առաջանցիկ զարգացման ապահովումը՝ աշխարհաքաղաքական նոր բարդ իրականության մեջ միջազգային տնտեսական համակարգի անկայունության հետևանքների համատեղ հաղթահարման համար։