Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ քառօրյա այցով կժամանի Վրաստան և Հայաստան: Այս մասին հայտնում են Գերմանիայի դեսպանության մամուլի բաժնից։

Գերմանացի նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Վահան Քերոբյանի հետ:

«Դաշնային նախարարը հանդիպումների ընթացքում հայկական կողմին կառաջարկի զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը բարձրացնել երկկողմ ամուր գործընկերության մակարդակի: Այցն այսպիսով մեծապես կնպաստի Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Գերմանիան վերջին 30 տարիներին զարգացման քաղաքականության շուրջ սերտ և վստահելի համագործակցության միջոցով աջակցում է Հայաստանի զարգացմանը և սոցիալական շուկայական տնտեսությանը, իրավական պետությանն ու ժողովրդավարությանը միտված անցումային գործընթացների իրականացմանը:

Այդ համագործակցության առանցքում հատկապես թափանցիկ, հարմարավետ վարչարարությանը, էներգետիկ անվտանգությանը և տնտեսության կայունացմանն ուղղված քայլերն են: Այս տարի Գերմանիան և Հայաստանը տոնում են իրենց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը. դաշնային նախարարի այցն այս առիթը նշանավորելու կարևորագույն քայլ է»,-նշում են դեսպանատնից։

«Մեր գործընկերների հետ շփումների միջոցով կցանկանայի պատկերացում կազմել՝ ինչպես կարող է Գերմանիան լավագույնս աջակցել Վրաստանին և Հայաստանին»,- հայտնել է նախարար Շուլցեն:

Քերոբյանի հետ հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ ասուլիսով։

730