
Ճանապարհորդությունների հետհամաճարակային դարաշրջանում Հայաստանն իրեն դիրքավորում է որպես չբացահայտված ուղղություն։ Euronews Travel-ը իր նոր հոդվածում զբոսաշրջիկներին հրավիրվում է Հայաստանը ուսումնասիրել մայրաքաղաք Երևանից այն կողմ՝ գյուղական և լեռնային շրջանները:
Հոդվածը պատմում է, թե ինչպես է Հայաստանը խրախուսում մարդկանց ուսումնասիրել իր գյուղական և լեռնային շրջանները:
«Մենք ունենք նոր կարգախոս՝ «Հայաստան. թաքնված ուղի»։ Մենք շատ թաքնված գոհարներ ունենք: Մենք ունենք զարմանալի բնապատկերներ, ունենք հիանալի անձեռնմխելի լանդշաֆտներ արշավների, բնության և արկածային զբոսաշրջության համար: Բայց մենք ուզում ենք վստահ լինել, որ կարող ենք պահպանել դրանք։ Եթե մենք ունենք զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսք, դա կարող է վտանգել վերը նշվածը»,- ասել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը։
Հայաստանի «թաքնված ուղիների» մոտեցումը այցելուներին հրապուրում է մնալ իր բազմաթիվ հեռավոր գյուղերից մեկում՝ վայելելով տեղացիների հյուրընկալությունը:
«Երբ ես երիտասարդ էի, գնում էի մեծ հյուրանոցներ և պառկում լողավազանի մոտ: Բայց այսօր դա ինձ դուր չի գալիս։ Սիրում եմ լինել բնության գրկում, որտեղ տեսնելու բան կա ու մի փոքր զբոսանք»,- ասում է գերմանացի զբոսաշրջիկ Բիանկա Բլոմը, ով իր ընտանիքի հետ ճանապարհորդում է Հայաստանում։
Բլոմը որոշել է կանգ առնել Տեղեր գաստրոնոմիական բակում և կավագործության կենտրոնում, որն գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։
Այն Gastro Yards ցանցի մի մասն է, որը ղեկավարում են գյուղացիները, որոնց նպատակն է այցելուներին ընկղմել տեղական մշակույթի, ժառանգության և գաստրոնոմիայի մեջ:
Հայաստանում թաքնված զբոսաշրջությունը ձգտում է բավարարել համաճարակի հետևանքով դանդաղ տեմպերով աճող պահանջները։ Բայց այն նաև դիտվում է որպես Հայաստանի գյուղական շրջանների և համայնքների զարգացման բանալին՝ երեք միլիոն բնակչությամբ փոքր երկրում:
«Սա հնարավորություն է ընտանիքների և տեղացիների համար, ովքեր աշխատում են կամ կարող են աշխատել զբոսաշրջության ոլորտում: Սա հիանալի հնարավորություն է նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ով վերջերս այցելեց Հայաստան։
Հայաստանի գինու ժառանգությունը կարելի է գտնել նաև Երևանի վառ լույսերից դուրս: Տեղացիները կարծում են, որ Նոյը ջրհեղեղից հետո Արարատի ստորոտին որթատունկ է տնկել, ուստի նրանց համար այն սուրբ է:
Գնացեք Վայոց ձորի մարզի Արենի գյուղ, որտեղ կարող եք տենել այն մնացորդները, որը հայերը հպարտությամբ են անվանում աշխարհի ամենահին գինեգործարանը:
Արենի-1 գինեգործարանը հայտնաբերվել է քարանձավային համալիրում 2007 թվականին հայ իռլանդացի հնագետների կողմից և թվագրվում է մ.թ.ա. 4100 թվականին:
Euronews Travel-ին Երևանի Արարատ կոնյակի և օղու կոմբինատի առաջատար էքսկուրսավար Նինա Ազիզյանը ասաց, որ կոնյակը Հայաստանի ֆիրմային ըմպելիքն է։ Մայրաքաղաքի պատմական գործարանը տարեկան արտադրում է 22 միլիոն շիշ կոնյակ և հայտնի է իր «Նոյ» ապրանքանիշով։
Հայաստանում «թաքնված ճանապարհից» դուրս գալը նշանակում է նաև բացահայտել երկրի հարուստ կրոնական և հոգևոր ժառանգությունը: Հայաստանը հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից է, որի առաջին եկեղեցիները հիմնադրվել են չորրորդ դարում, գրում է թերթը՝ հավելելով, որ երկրի ամենակարևոր և եզակի կրոնական վայրերից է հրապուրիչ Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ է մտնում:
Հոդվածի վերջում լրագրողը նշում է, որ Հայաստանում դեռ նոր են զարգանում ճանապարհային ենթակառուցվածքները, այնպես որ դուք պետք է ճիշտ պլանավորեք ձեր ճանապարհորդությունները և երթուղիները, եթե ունեք մեքենա, քանի որ բավականին դժվար է գտնել որոշ վայրեր: