Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում:

 

Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր:

 

Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա + 1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:

 

Հրաձիգները հանդես են եկել նաև ատրճանակ ձևում և գրանցել հետևյալ արդյունքը՝

 

Ատրճանակ ձև

 

անհատական

 

Արմեն Գևորգյան՝ 6-րդ տեղ, 536, 186.1 միավոր

 

Էդիտա Մանուչարյան՝ 5-րդ տեղ, 534, 137.7 միավոր

 

թիմային

 

Արմեն + Էդիտա՝ 5-րդ տեղ

 

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, հայ մարզուհիները 7 հանդիպում էին անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն:

 

Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

 

Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից:

 

19 մարզաձևերում խաղարկվել է մեդալային 273 հավաքածու:

 

Երեկ՝ օգոստոսի 7-ին, կայացել է խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, մասնակից 13 պետությունների մարզական պատվիրակությունների ներկայացուցիչները և պատանի մարզիկները:

 

Միջոցառման ավարտից հետո կայացել է խաղերի պաշտոնական դրոշի փոխանցումը Յակուտիային: Հենց այնտեղ 2024 թվականի ամռանը կկայանան «Ասիայի երեխաներ» 8-րդ մարզական խաղերը:

233