Թուրքական ռազմական պատվիրակությունը երկուշաբթի կայցելի ԱՄՆ՝ Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական պատվիրակությունը կանցկացնի երկկողմ բանակցությունների երրորդ փուլը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու խոստումից հետո։

Հունիսի վերջին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Բայդենը մամուլի ասուլիսում ասաց.

«Մենք պետք է F-16-ներ վաճառենք Թուրքիային։ Այս մասին ես խոսել եմ դեկտեմբերին, և դրանից հետո իմ դիրքորոշումը չի փոխվել։ Դրանք չվաճառելը մեզ ձեռնտու չէ։ Դա անելու համար մեզ Կոնգրեսի հավանությունն է պետք, և ես կարծում եմ, որ մենք դա կստանանք»:
Թուրքիայի կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին պահանջել է F-16-ներ և սարքավորումներ՝ դրանք արդիականացնելու համար։ 6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը կներառի 40 F-16-ների վաճառքը և արդիականացման կոմպլեկտներ 79 մարտական ​​ինքնաթիռների համար, որոնք սպասարկում են Թուրքիայի ռազմաօդային ուժերը:

 

894