Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գրանցված վերջին մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ։ Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։

«Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է Նեդ Փրայսը։

«Հավատացած ենք, որ շարունակական երկխոսության, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով ներգրավան շնորհիվ կկարողանանք անել հնարավոր ամեն բան՝ օգնելու առաջ տանել երկարաժամկետ համապարփակ խաղաղությունը»,- եզրափակել է Փրայսը։

477