ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել:

Այս մասին, «Ազատության» խնդրանքով, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ 

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես է գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան էլ, մեկնաբանելով Բլինքենի նշանակումը, այդ քայլը որակել է իբրև «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»: 

«Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- ընդգծել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտից այսօր պատասխանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հնչեցրած հայտարարությանը՝ նշելով. «Մենք հանձնառու ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ երկխոսության զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով փորձելու ենք հասնել երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»:

1071