Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: 

Գրեթե մեկ տարի անց դատարանը վճռել է մերժել Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի․«Արմեն Անդրանիկի Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին, մերժել»,-այս մասին գրված է Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված վճռում։

Վճռում դատարանը նաև ընդգծում է, որ հնչեցված արտահայտություններին նախորդել են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կայքէջում և մամուլում հրապարակված հոդվածները Արմեն Գևորգյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ, ուստիև պատասխանողն օբյեկտիվորեն կարող էր հիմնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջում և մամուլում հրապարակված այն տեղեկատվության վրա, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը ենթադրաբար հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ է օրինականացրել, ինչպես նաև Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ձեռք է բերել բազմաթիվ անշարժ գույքեր, ինչի հիման վրա Դատարանը փաստում է, որ կատարված արտահայտությունները հանդիսացել են պատասխանողի սուբյեկտիվ գնահատականը Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի և դրա վերաբերյալ մամուլում ու Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջում արված հայտարարության լույսի ներքո, ավելին՝ Դատարանը կարևորում է, որ պատասխանողը, չլինելով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը։ Հետևաբար՝ պատասխանողի կողմից կատարված արտահայտությունները հանդիսացել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ հայցվորի վերաբերյալ, ուստի չեն կարող հանդիսանալ զրպարտչական բնույթ կրող «փաստացի հայտարարություններ» և թույլատրելի են խոսքի ազատության տեսանկյունից։

Ինչ վերաբերում է պատասխանողի ելույթում հայցվորի կողմից ենթադրաբար հանցավոր ճանապարհով ստացված գույքերի քանակը թվով 57-ը լինելուն, ապա Դատարանը փաստում է, որ դրանից չի փոփոխվում պատասխանողի ելույթի ընդհանուր իմաստը և բնույթը, այն չունի էական նշանակություն, քանի որ Դատարանը գնահատել է պատասխանողի ելույթն ընդհանուր կոնտեքստում։

Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանն, ըստ որի՝ Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները Արմեն Գևորգյանին չեն մեղադրում հանցանքի կամ զանցանքի կատարման մեջ, ապա Դատարանն արձանագրում է, որ կատարված արտահայտությունը զրպարտություն գնահատելու համար պարտադիր չէ, որ այն կատարողը տուժողին մեղադրի հանցանք կամ զանցանք կատարելու մեջ, իսկ պատասխանողի կողմից վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի 15․11․2011թ․ թիվ ՍԴՈ-997 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե կատարել է նշվածին հակառակ վերլուծություն, այլ՝ թվարկել է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, ինչպես նաև նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն։

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներում կրում են առավել լայն կանոնակարգում, որտեղ խոսքի ազատության իրավունքը դրսևորվում է առավել լայն ծավալով, ապա Դատարանը չի անդրադառնում նշված դիրքորոշմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող արտահայտություններն արդեն իսկ դիտարկվել են Դատարանի կողմից որպես հայցվորի վերաբերյալ փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից կատարված արտահայտությունները հանդիսացել են գնահատողական դատողություններ՝ Դատարանը չի անդրադառնում կողմերի վկայակոչած մյուս հանգամանքների հերքմանը կամ հաստատմանը և գտնում է, որ նշվածը բավարար է հայցն անհիմն դիտարկելու համար։
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման։ 

Հիշեցնենք, որ հայցի պատճառը խորհրդարանում Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած հայտարարությունն է Արմեն Գևորգյանի կարողության մասին։ Սուքիասյանը հայտարարել էր, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:

2580