Թուրքիան և ԱՄՆ-ն ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման հարցում չլուծված խնդիր ունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, եթե նույնիսկ Անկարան կործանիչներ չստանա, նա կկարողանա «հոգ տանել իր մասին»։

Էրդողանը հարցազրույց է տվել PBS-ին, որտեղ նրան հարցրել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին։ Նախագահը պատասխանել է, որ հարաբերությունները իդեալական չեն, քանի որ Անկարայի և Վաշինգտոնի միջև առևտրի ծավալը «չպետք է լինի այնպիսին, ինչպիսին այսօր է»:

«Իսկ պաշտպանական արդյունաբերությունում մենք այն մակարդակի վրա չենք, ինչ ուզում ենք։ Օրինակ՝ F-16-ի հետ կապված չլուծված խնդիր ունենք։ Որոշակի քաղաքական որոշումներ են ընդունվում, որոնց արդյունքը Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումն է։ Սա այնքան էլ հարիր չէ երկու բարեկամ երկրներին»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա պարզաբանել է, որ Թուրքիան «ստացել է հանրապետականների աջակցությունը» կործանիչների գնման հարցում։ «Ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, եթե չկարողանանք ԱՄՆ-ից արդյունքներ ստանալ F-16-ի վերաբերյալ: Իհարկե, մենք մեր մասին հոգ կտանենք»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աջակցել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի սահմանափակումներին։ Թուրքիան դուրս է մնացել այդ կործանիչների գնման ծրագրից՝ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր գնելու պատճառով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահը կարող են քննարկել այս թեման սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք հանդիպմանը։ Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից կործանիչներ մատակարարելուց հրաժարվելու դեպքում թուրքական իշխանությունները պատրաստ են գնել ռուսական Սու-57։

250