Այսօր կառավարության նիստին քննարկվեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Զեկուցող  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:

 «2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում: Նշված պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի:

Միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում: 2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերն ու միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր նախաձեռնությունների իրագործման համար և արագացնել կառավարության 2021-2026 թվականների ծրագրային նպատակների իրագործման ընթացքը»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: «Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնենք պետական բյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը»,-ասաց նա:

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով տարեվերջին երկնիշ աճ ենք սպասում, ինչը շատ լավ է:  «Եթե այս տարվա մեր պլանները կատարվեն, չենք բացառում, որ կունենանք տնտեսական  աճի այնպիսի ցուցանիշ, որ 2020 թվականի ճգնաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ կանխատեսվում են 2022 թվականի արդյունքներով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 23.2 տոկոսը: «2023 թվականին և հաջորդ յուրաքանչյուր տարում հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է ավելանան տարեկան 0.5 տոկոսային կետով, ինչը և արտացոլված է գալիք տարվա պետական բյուջեի նախագծում: 2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով»։

«Վերին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումները նպաստել են նրան, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021 թվականի արդյունքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով՝ այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջակայքում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ 2023 թվականի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառարավության պարտքի հանրագումարը կլինի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում և դրանից   2023 թվականի ընթացքում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:

«Սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանասավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: «Այն 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը բոլոր սահմանված ուղղություններով: Զգալի ֆինանսական ավելացումներ կկատարվեն տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերին»,- նշեց նա:

927