
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը «զարթուցիչ» է ՆԱՏՕ-ի անդամների համար՝ հասկանալու, որ իրենց զինված ուժերը պետք է ավելի արդյունավետ լինեն, և որ նրանք պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում:
Խորհրդային Միության փլուզումից հետո եվրոպական շատ երկրներ հանգստացան, նշել է նա, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձավ «որոշ իմաստով նվեր ՆԱՏՕ-ին»՝ ստիպելով Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին անդամներին խելքի գալ:
Բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ գործընկերների մեջ կա ըմբռնում, որ նրանք բավականաչափ ներդրումներ չեն կատարել իրենց զինված ուժերում։
«Մակերեսային քննության դեպքում մեր զինված ուժերը կարող են պարծենալ իրենց թվային տվյալներով»,- ֆորումի մասնակիցների ուշադրությունն այս հարցին է հրավիրել Միացյալ Թագավորության նախարարը։ «Բայց եթե ավելի խոր նայեք, մենք չունենք բավարար ենթակառուցվածք, չունենք բավարար պահեստամասեր, չունենք բավարար անձնակազմ, չունենք ժամանակակից զենքեր, չունենք զենքի բավարար պաշար: Այս ամենը մեզ մոտ է կատարվում, և դրանով պետք է զբաղվել: Եվ դա մեծ գումար կարժենա»,- նշել է նա։