
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հետաքրքրվեց կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկայով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկային, նշեց, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ. որոնցից 1 մլրդ 200 մլնը՝ ՀՀ տարածքում:
«Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,- նշեց Նարեկ Մկրտչյանը և հավելեց, որ բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցել՝ և շահառուների թվի մեծացման, և գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով:
«Հիմա կարող ենք արձանագրել, որ ամսական 3000 դրամ միջին հետվճար է տրամադրվում»,- ասաց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ POS տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է անկանխիկ գործարք կատարել, բավարար չափով ՀՀ-ում տարածված չեն: «Մենք խնդիր ունենք, որ ՀՀ-ում չլինի առևտրային կետ, որտեղ POS տերմինալներ չլինեն, որպեսզի այս ծրագիրն իրականացվի»,- ասաց վարչապետը: