Հայաստանն առաջին օլիմպիական ուղեգիրն է նվաճել Փարիզի ՕԽ-ի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։

Հայաստանի ներկայացուցիչը, օդամղիչ ատրճանակ, 10 մ 60 կրակոց կանանց վարժությունում խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակիչում արդեն Էլմիրան բարելավել է դիրքերը և խոցելով 200.9 միավոր՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հրաձգության Հայաստանի հավաքականը 3 մարզիկով է մասնակցել Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությանը։

Ատրճանակ ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը, խոցելով 576 միավոր, գրավել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան ձևում Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը, խոցելով 625.3 միավոր, գրավել է 47-րդ հորիզոնականը:

891