ԱԺ-ն քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի՝ նախագծի ընդունումը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից: Մասնավորապես, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի զեկույցների շրջանում վերհանվել են մի շարք խնդիրներ, ըստ այդմ՝ անբավարար է գնահատվել ՀՀ-ում նվերները բացահայտելու վերաբերյալ գործիքակազմը:
Փոխնախարարի խոսքով. «Հիմնական հանձնարարականները եղել են հետևյալը. օրենքով պետք է հստակ սահմանել շահերի բախման իրավիճակների վերաբերյալ հայտնելու, նման իրավիճակներում որոշում կայացնելու և շահերի բախման իրավիճակների լուծման պարտավորություններ»։
Ըստ առաջարկների՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:
Նաև առաջարկվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև: