Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորաստեղծ բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել։

Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացելու կասկածանքով Նոր Խարբերդում ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Նոր Նորքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրանյութով 65 փաթեթ, ընդհանուր՝ 42 գրամից ավելի քաշով, ևս երեք փայլաթիթեղե փաթեթ մարիխուանա, նաև՝ գաղտնի փականով դանակ:

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ երիտասարդը տնօրինում և օգտագործում է «տելեգրամյան» մի քանի ալիք, որոնց միջոցով իրացնում է թմրամիջոցներ:

Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկել են մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում երիտասարդի վարձակալած բնակարանը՝ հայտնաբերելով փայլաթիթեղներով փաթեթավորված մոտ 187 գրամ մարիխուանա:

25-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

772