![](https://araratnews.am/admin/images/1667808977.jpg)
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ամիսներ շարունակ մասնավոր բանակցություններ է վարում Կրեմլի հետ Ուկրաինայի շուրջ ավելի լայն հակամարտության ռիսկը նվազեցնելու և Մոսկվային նախազգուշացնելու համար միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքեր օգտագործելու անթույլատրելիության մասին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Սալիվանը բանակցություններ է վարում ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։
Նշվում է, որ կողմերը բանակցում էին ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար։ Նաև քաղաքական գործիչները այդպիսով փորձում էին բաց պահել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կապի ուղիները։
Միաժամանակ հրատարակությունը գրում է, որ քննարկումների նպատակը Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը չէր։
Նշվում է, որ Սալիվանի՝ Կրեմլի հետ շփումները պահպանելու ցանկությունը չի աջակցվում ամերիկացի քաղաքական գործիչների մեծ մասի կողմից։ Նրանք, որպես կանոն, անարդյունավետ են համարում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թերթը հայտարարել էր, որ այժմ արևմտյան երկրները մասնավոր կերպով քննարկում են, թե ինչ պայմաններում Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան խաղաղության համաձայնագրեր կնքել։
Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ չնստելու Կիևի ակտիվ ցանկությունը նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Նրա խոսքով, Ուկրաինան, իր հերթին, պահանջում է անհնարինը, հասկանալով, որ Ռուսաստանը չի համաձայնի սրան, և դրանով իսկ սաբոտաժ է անում բանակցային գործընթացում։