Այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»,- գրել է նախարարը:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին, հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում։ Ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։

Ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։ Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։ Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակվում։

Քիչ առաջ հրապարակվել են կադրեր, որտեղ տեսախցիկների կողմից արձանագրվել է, թե ինչպես են այդ մի խումբ անձինք հարձակվում անվտանգության աշխատակցի վրա, բռնության կիրառում նրա նկատմամբ։

1343