Այսօր կառավարությունը հերթական նիստին 3 մլրդ 246 մլն դրամ հատկացրեց 8 մարզի 31 համայնքում 66 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար:
Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նա պարզաբանեց, որ դրանցից 58-ը 2022 թվականի ծրագրեր են:
«Ստացվում է, որ միայն այս տարի կառավարությունն արդեն 19 մլրդ դրամ հատկացրեց համայնքների հետ համատեղ այս սուբվենցիոն ծրագրերով: Իսկ եթե ամփոփենք սուբվենցիաների այսպես ասած՝ սկսման պահից ի վեր, համայնք-կառավարություն համատեղ գումարը հասնում է 108 մլրդ դրամի, որի մեջ կառավարության մասնաբաժինը 55 մլրդից անցնում է, համայնքներինը 51.5 է, և ուրախալի է, որ արդեն մոտ 2 մլրդի չափով ունենք նաև այլ ներդրողներ՝ բարերաների կողմից ներդրումներ»,- ասաց նա:
Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերի քանակը 2050-ից անցնում է: «Բայց ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ համայնքների միացման գործընթացում մենք մի քանի բնակավայրի ծրագրեր մեկ փաթեթի մեջ ենք ներառել, սրանք մոտ 4000 տարբեր տեղերում շինարարություններ են»,- ասաց Սանոսյանը: