
ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ 29 միլիոն 886 հազար դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով հասցված վնասները վերականգնելու համար։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ վնաս կրած տնտեսություններին աջակցման գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին եւ Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։
«ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել՝ աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով տուժած տնտեսություններին՝ հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալները եւ առաջարկությունները։ Գործընթացն արագ կազմակերպելու համար առաջիկա երեք օրերի ընթացքում պետք է ներկայացնել վճարման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համապատասխան գումարները ստանալուց հետո դրանց առնվազն 80 տոկոսը պետք է բացառապես ծախսվի անասնագլխաքանակ ձեռք բերելու եւ տնտեսությունների վերականգնման ուղղությամբ։ Կառավարությունը հոգացել է ամեն բան, որպեսզի տնտեսությունները վերականգնեն կորսված անասնագլխաքանակը եւ զարգանան։ Հունվարի երրորդ տասնօրյակում մարզպետարանի կողմից կանցկացվի համապատասխան ուսումնասիրություն՝ տրամադրված գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ»,-տեղեկացրեց մարզպետը։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը անասնապահական տնտեսությունների անունից հավաստիացրեց, որ տրամադրված գումարները կծախսվեն նպատակային, կվերականգնվի կորսված անասնագլխաքանակը, իսկ շահառու տնտեսությունները զարկ կտան անասնապահության զարգացմանը։