Կրեմլից հայտնել են, որ զորակոչի տարիքը մինչև 30 տարեկան բարձրացնելու նախագիծը և մանրամասները մշակվում են պաշտպանության նախարարության կողմից, սակայն նախագահը, ընդհանուր առմամբ, հավանություն է տալիս Շոյգուի այս նախաձեռնությանը: Դումայում բացատրել են, որ անհրաժեշտ է մի քիչ «հեռանալ «չփետրավորված» պատանիների» զորակոչից

Նախագահ Վլադիմիր Պուտինը «հայեցակարգորեն աջակցել է» զինվորական տարիքը բարձրացնելու գաղափարին, սակայն «փաստարկները պետք է ներկայացնի պաշտպանության նախարարությունը», - ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռադիո Մայակ»-ը։

«Մանրամասները, այս գաղափարի ձեւակերպումը, ՊՆ-ի այս տեղեկատվությունը պետք է և անհրաժեշտ է ընդունվի որպես առաջնային աղբյուր»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է բանակ զորակոչվելու տարիքը 18-ից հասցնել 21-ի, իսկ վերին շեմը՝ 30-ի։ Ըստ նրա` նման միջոցառումները կուժեղացնեն երկրի անվտանգությունը, քանի որ ՆԱՏՕ-ն ձգտում է «ռազմական ներուժ»-ը մեծացնել Ռուսաստանի սահմանների մոտ, այդ թվում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հաշվին։

Ռուսաստանում նոր համակարգին անցումը կարող է սկսվել արդեն գարնանային զորակոչից` «Պառլամենտսկայա գազետա»-ին ասել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։ Նրա խոսքով, մինչ այս զորակոչը (սովորաբար տեւում է ապրիլի 1-ից հուլիսի 15-ը) յուրաքանչյուր զինկոմիսարիատ կպարզի, թե քանի նորակոչիկ է ենթարկվում նոր պահանջներին, ապա պետք է «այդ տվյալները համապատասխանեցնի մարտական առաջադրանքին»։

Այժմ զորակոչին ենթակա է 1990-ականների սակավաթիվ սերունդը, քանի որ ծնելիությունն աճել է միայն 2008 թվականից հետո, РБК-ին-ին պարզաբանել է Ֆինանսական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆոնովը` հավելելով, որ 18-21 տարեկանը քոլեջն ավարտելու տարիք է։ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Կարտապոլովն էլ իր հերթին նշում է, որ իշխանությունները մտադիր են հեռու մնալ «երեկվա դպրոցականների» և «չփետրավորված պատանիների» զորակոչից, և կանչել միայն մասնագիտություն ստացած ավելի ինքնուրույն մարդկանց։

 

1118