ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ՝ քննարկելու թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման և զարգացման  հնարավորությունները: Նոր մոդելով առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման և առաջխաղացման, մասնավորապես՝ կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական և հանրահռչակման գործառույթները: Ընդ որում՝ ծառայությունների զգալի մասը նախատեսվում է մրցութային ընթացակարգով արտապատվիրակել մասնավոր ընկերություններին:

Ներկայացնելով թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նոր ինստիտուցիոնալ միավորի ստեղծման հայեցակարգային և ծրագրային առանձնահատկությունները՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է թանգարանների տնօրենների ներգրավվածությունը և գործընթացի արդյունավետ կազմակերպման շրջանակում վերջիններիս կողմից առաջարկների և դիտարկումների ներկայացումը: Նշվել է, որ կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա իրականացնելու թանգարանների կառավարչատնտեսական համակարգված կառավարում մեկ կենտրոնից, վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն՝ միաժամանակ նպաստելով տնօրենների և մասնագիտական ներուժի գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը և թանգարանների գիտակրթական գործունեության զարգացմանը։ Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը ներառվել է ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծում: Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում են շարունակական քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ: 

503