
Այս կռիվը Արցախի համար չէ, այս կռիվը տարածաշրջանը վերաձևելու փորձ է` նախաձեռնած Թուրքիայի կողմից: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը` հումանիտար հրադադարի պայմաններում շարունակվող պատերազմի առնչությամբ:
«Ես կարծում եմ՝ այլևս Ադրբեջանը չի որոշում հարձակվի, չհարձակվի, նահանջի, թե հրադադար հաստատի: Այդ որոշումները կայացվում են Թուրքիայում: Եվ մեծ հաշվով տարօրինակ չէ, որ Թուրքիան հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»,- ասաց Արման Եղոյանը:
Պատգամավորն այս համատեքստում երկրորդ պատճառ էլ է տեսնում. «Նույիսկ կարճատև հրադադարից հետո, Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկություններ ստանալ իրենց կորոստների իրական թվի մասին, և դա ներքաղաքական լրջագույն խնդիրներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար, քանի որ կրել նման կորուստներ ոչինչի դիմաց՝ տոտալ պարտություն է,- ասում է պատգամավորը` բացատրելով.- Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բացահայտել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե իրենց հասարակությանը ներկայացնելու բան ունենան»:
Պատգամավորը նաև նշեց, որ դիվանագիտական կորպուսը ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը: «Հակամարտության կոնտեքստը փոխվել է: Ոչ թե պետք է հավասարակշռել տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ պետք է արցախահայությանը փրկել ֆիզիկական ոչնչացումից կամ տեղահանումից փրկելու համար ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որևէ կարգավիճակով»,- ասաց պատգամավորը: