Ես կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, միշտ պետք է արձագանքի նման աղետներին, առաջարկի օգնություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին և այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե այդ նյուանսը կա: Ես կարծում եմ, որ սա որոշակի դրական ազդակ է, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհները, կոմունիկացիաները և հույս ունենք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի շատ կհակվի այս գործընթացին և ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին,  ապա Սարգիս Խանդանյանը նշեց, որ Ադրբեջանը վերջերս իր առաջարկներն է ներկայացրել: «Հայաստանը աշխատում է այդ ուղղությամբ, և երբ պատրաստ լինեն մեր առաջարկները, կուղարկվեն Ադրբեջան»,- ասաց նա:

 

406