
Պաշտպանության նախկին նախարար, պատգամավորական անձեռնմխելիությունից օրերս ԱԺ քվեարկությամբ զրկված Սեյրան Օհանյանը, որը մեղադրվում է երեք քրեական վարույթով արարքներ կատարելու մեջ, մեղադրյալի կարգավիճակ ունի նաև մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում՝ «Ձորահէկ» ՓԲԸ-ի օտարման աղմկահարույց գործով հարուցված։ Հիշեցնելով այս գործի մասին՝ օրերս Civic.am-ի հետ զրույցում Ս. Օհանյանը հայտարարել էր. «Նախորդ մեղադրանքը վերաբերում է կառավարության որոշմամբ իրականացված խոշոր գործարք անվան տակ «Ձորահէկ» ՓԲԸ-ի օտարմանը, որը հիմնականում իրականացվել է էներգետիկայի նախարարության՝ որպես մասնագիտական կառույց, ամբողջությամբ նրանց կողմից իրականացված ընթացակարգերով։ «Ձորահէկ» ՓԲԸ-ով 2019թ. հարուցված քրեական գործը, որը իմ դեմ չի եղել, ինձ հետո են ընդգրկել որպես մեղադրյալ, ուղարկվել է դատարան, և դատարանից հետ են ուղարկել նախաքննական մարմին։ Մի քանի տարի է՝ արդեն որևիցե մեկն ինձ այդ հարցով չի կանչել»։
Civic.am-ը հարցում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե ինչ փուլում է սույն քրեական գործը, քանի մեղադրյալ կա, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ինչ կարգավիճակ ունի այս գործով, արդյոք հարցաքննվե՞լ է և ինչ է նշել իր ցուցմունքներում։ Խնդրել էինք տեղեկություններ տրամադրել հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունը մեր հարցմանն ի պատասխան ընդամենը նշել է, որ «Ձորահէկ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննության ներկա փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ: Նրանցից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանին, նրա տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին և հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանին ու Մուշեղ Կոշեցյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»: Իսկ թե արդյոք հարցաքննվե՞լ է Ս. Օհանյանն ու ինչ է նշել իր ցուցմունքներում՝ հարցման պատասխանում նշված չէ։
Հիշեցնենք այդ գործի նախապատմությունը. դեռևս 2019-ի մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «Ձորահէկ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը։ Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կառավարության 2001 թ. մայիսի համապատասխան որոշմամբ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ 1 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «Ձորահէկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002-ի հունվարին Կառավարության որոշմամբ վերապահվել են պաշտպանության նախարարությանը: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «Ձորահէկ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
2021թ. ապրիլի 9-ին, ինչպես ավելի վաղ ծանուցել էր ՀՔԾ-ն, ավարտվել է «Ձորահէկ»-ի գույքի օտարման քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրյալներ Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ, ըստ ՀՔԾ-ի, ձեռք էր բերվել ապացույցների համակցություն, որը բավարար էր նրանց մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար: Այս գործին առնչվում էր նաև Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը, սակայն, ոչ մի դատավարական կարգավիճակ չունի սույն քրեական վարույթով։
Հարկ է նշել, որ «Ժողովուրդ» օրաթերթը 2021.-ին գրել էր, թե՝ «ՀՔԾ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը մարտի վերջին ՀԿԳ ավագ քննիչ Բորյա Չիլինգարյանին հրահանգել էր մեղադրանք առաջադրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին և նրան կալանավորելու միջնորդության հիմքեր գտնել։ Չիլինգարյանը հրաժարվել էր կատարել հրահանգը՝ ասելով, որ հիմքեր չկան, և ինքը չի պատրաստվում ապօրինություն կատարել։ Սասուն Խաչատրյանը նրան ժամանակ էր տվել՝ սպառնալով հեռացնել համակարգից»: ՀՔԾ-ն հանդես եկավ պարզաբանմամբ և հերքեց թերթի տեղեկությունը։ «Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ «Ձորահէկ» ՓԲԸ-ի գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Բորյա Չիլինգարյանի կողմից աշխատանքից ազատվելու դիմում գրելու և գործով ՀՔԾ պետի հետ տարաձայնություններ ունենալու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը բացահայտ ապատեղեկատվություն է, և դրա տարածումն ընդամենը պայմանավորված է հիշյալ քրեական գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու քննիչի՝ 09.04.2021 թ. կայացրած որոշմամբ»։
Ինչպես նշվեց՝ սույն գործով ՀՔԾ-ն ավարտ էր հայտնել, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այն չէր հաստատել և հետ էր ուղարկել նախաքննական մարմնին։