
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային շաբաթը բացում է Բաքու երկօրյա այցի հարուստ ծրագրով, որը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Ինչպես սպասվում է, ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Լավրովը կհանդիպի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ նախարարը կքննարկի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին։ Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։
ТАСС-ի փոխանցմամբ՝ կողմերը կքննակեն հայ-ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը․ «Հավանաբար, Եվրամիության դերը Հարավային Կովկասում կայունացման գործում կդառնա նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների առարկա»։
Ըստ գոծակալության՝ մեկ այլ թեմա, որը հավանաբար կընդգրկվի Լավրովի Բաքվի հանդիպումների օրակարգում, «3 + 3» ձևաչափով աշխատանքի ակտիվացումն է, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) , ինչպես նաեւ տարածաշրջանի երեք ամենամոտ հարեւանների (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) մասնակցությունը: «Դեկտեմբերին Բայրամովի Մոսկվա կատարած այցերի ժամանակ ռուս նախարարը զեկուցել է նախարարների մակարդակով այս ձևաչափով հանդիպման մշակման մասին։ Հնարավոր է, որ Բաքվում պարզ դառնա համապատասխան շփումների ժամանակն ու վայրը»,- նշում է ТАСС-ը։
Բացի այդ, ըստ գործակալության, Լավրովի այցի ընթացքում կամփոփվեն Մոսկվայի և Բաքվի միջև նոր կարգավիճակով համագործակցության առաջին տարվա արդյունքները, որը նշանավորվեց երկու երկրների նախագահների կողմից դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ստորագրմամբ։