
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ֆոնին, ինչպիսի քայլեր է անում Ռուսաստանը՝ որպես դաշնակից, հաշվի առնելով, որ Ադրբեջանը խախտում է հրադադարը Լեռնային Ղարաբաղում՝ այն գոտում, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
«Այս համատեքստում հայ հասարակությունը սպասում է իր դաշնակցից հասցեական հայտարարություններին, ագրեսիայի դեմ հստակ գործողություններին»,- նշել է լրագրողը։
Հարցին ի պատասխան՝ Լավրովը նշել է, որ պետք է փնտրել կողմերին հաշտեցնելու տարբերակ, միշտ փնտրել հետաքրքրությունների բալանս։ «Հենց այդպես էլ Ռուսաստանը գործեց որպես ՀՀ-ի դաշնակից, Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020թ․-ին ավարտվեցին ռազմական գործողությունները։ Պետք չէ պատմությանը վերադառնալ, ես չեմ ցանկանում, բայց գիտենք, որ կարելի էր ավելի շուտ հասնել հրադադարին, քան եղավ այն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքին՝ նա նշել է, որ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խստիվ կատարման համատեքստում, առաջին հերթին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
«Միայն Լաչինի միջանցքի հետ կապված համաձայնագրերի բոլոր, առանց բացառության, ասպեկտների լիարժեք իրականացումը կարող է կարգավորել ներկա իրավիճակը։ Հենց սրանով են մեր խաղաղապահները զբաղվում։ Մենք այսօր մանրամասն քննարկեցինք, ես հույս ունեմ բոլոր կողմերը կհասկանան, որ պետք է կատարել եռակողմ պայմանավորվածության ոչ միայն այս մասը, այլև մնացած բոլոր մասերը։ Յուրաքանչյուրն ունի իր պարտավորությունները»,- ընդգծել է Լավրովը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հովանավորչական աշխատանքներին, ապա, ըստ Լավրովի, ոչ միայն ցանկանում են Ռուսաստանին վարկաբեկել, այլև բացահայտ դրա մասին հայտարարում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն։
Նա նշեց, որ Միրզոյանի հետ դիտարկել են բարդացած իրավիճակը, որն «իրապես կա»՝ քննարկելով, թե ինչպես կարելի է վերադառնալ իրավիճակի նորմալ, աշխատաքնային ուղուն։