Կաթնամթերքի արտադրությունը կատարվում է ստանդարտների համաձայն, այստեղ չեմ  կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե չի՞ որակազրկվում արդյոք կաթնամթերքը, եթե չոր կաթնախառնուրդ է օգտագործվում արտադրության մեջ, որի պատճառով կաթի մթերման գինը նվազել է 40 դրամով։ Քերոբյանը նշեց, որ սննդի անվտանգության տեսչական մարմինը ուշադիր հետևում է։

«Այո, խնդիրը կա, և դա ըստ էության  արձագանքն է դրամի հետևողական արժևորման, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշին։ Մենք երեկ  էլ քննարկել ենք տնտեսական զարգացման հարցերը, գիտենք, որ Հայաստանի տնտեսությունը երկու ամիսներին բարձր տնտեսական աճի տեմպը պահպանում էր և արդեն 10 ամիս շարունակ մենք ունենք երկնիշ տնտեսական աճ»,- ասաց Քերոբյանը, նշելով, որ մեր թիրախն այն է՝ այնպես անել, որ Հայաստանը իր կառավարության ծրագրով թիրախավորած 7-9 տոկոս տնտեսական աճն ապահովի ամեն տարի։ 

Քերոբյանը նշեց, որ քննարկել են նաև տնտեսական ակտիվությանը խանգարող գործոնները։

«Չնայած դրամի ուժեղացումը մեծ դեր ունի ինֆլյացիան զսպելու համար, բայց արտահանող արդյունաբերական ընկերությունների կամ գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների համար որոշակիորեն բացասական նշանակություն ունի»,- ասաց նախարարը:

 

632