
«Երևանում տրանսպորտի առումով լայնածավալ աշխատանքներ են տարվում»: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ դրանք սկսվում են նոր ավտոբուսների գնման գործընթացից, մինչև երթուղիների և ցանցի վերափոխում կամ ընդարձակում:
«Վերջնարդյունքում այդ ամենի հետ միասին նաև միասնական տոմսային համակարգ ենք ունենալու: Կունենանք նաև հավելվածներ, որի շնորհիվ քաղաքացինները կարող են հեշտությամբ իրենց հեռախոսի վրա տեսնել, թե որ երթուղու որ ավտոբուսը քանի րոպեից որ կանգառում կլինի, և այդպես կպլանավորեն իրենց գրաֆիկը»,- ասել է նա: Ըստ նրա՝ Երևանում առաջիկայում կլինի տոմսային ընդհանուր համակարգ: «Պետք է նաև վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային երթուղիները ճիշտ համադրենք: Ունենք դեպքեր, որ այն ուղղությամբ, որ շարժվում է մետրոն, նույն ուղղությամբ ավտոբուսային երթուղիներ ունենք, որը, կարծում եմ, ճիշտ չէ, և Երևանի գործընկերներն այդ ուղղությամբ աշխատանք տանում են»,- նկատեց նա: