
Նոր գործելաոճ չէ, 95 թվականից եմ արտգործնախարարության համակարգում և չեմ հիշում մեկ բանակցություների փուլ, որ չլինեն նման սադրանքներ՝ կամ մինչև հանդիպում, կամ հանդիպումից հետո, ցավոք, այդպիսի ավանդույթ է ձևավորվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին:
«Վաշինգտոնում բանակցությունների առաջընթացը վերաբերում էր երկու կողմերի մոտեցումների մասին ավելի լայն պատկերացումներ ստանալուն: Ամերիկյան կողմը հնարավորինս արեց, որ ստեղծի դրական մթնոլորտ, և արդյունավետ փուլ էր հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու այդ դիրքորոշումները: Իհարկե կան կարևորագույն հարցեր, որ պետք է քննարկել, դրա համար էլ Բրյուսելում կազմակերպվում է բարձրագույն մակարդակով հանդիպումը, որը կհաջորդի արտգործնախարարների մակարդակով Մոսկվայի հանդիպմանը»,- ասաց նա և նշեց, որ արտգործնախարարների հանդիպումը կլինի մայիսի 19-ին:
Փոխնախարարը նշեց, որ բանակցությունների ձևաչափի մասին փոփոխություն չի նախատեսվում: «Ունենք մի շարք տարբեր ֆորմատներ: Խոսքը գործընթացն առաջ տանելու մասին է, որևէ նոր ֆորմատի ստեղծման մասին խոսք ընդհանրապես չէր էլ եղել»,- ասաց փոխնախարարը և նշեց, որ ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները:
Ըստ նրա՝ Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը միանշանակ դրական ներդրում կարող է ունենալ գործընթացին: