Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկեց  կառավարության կողմից ներկայացված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որը զեկուցում էր Առողջապահության նախարար Լենա Նանուշյանը: Նախագիծը վերաբերում է արտադրական կանեփին, և  փոխնախարարը հայտնեց, որ առաջարկների հիման վրա՝ մեկ տարվա փոխարեն սահմանվել է մինչև երկու տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը և քվոտաների վերանայման փոփոխություն է նախատեսվել:

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց նախագծի տնտեսական ազդեցության մասին:

Հարցին արձագանքեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը նշեց, որ երկու տարի առաջ, երբ քննարկվում էր, թե ինչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, դիտարկվում էր ունենալ այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի  տնտեսության մեջ: «Երկու տարի անց մենք ունենք մեկ ընկերություն, որը ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն էլ ունի: Կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայվի, մենք այսօր մոդել չենք վերանայում, այլ մոդելի մեջ փոփոխություններ ենք կատարում: Մուտքի գինը, լիցենզավորման վճարները էլի մնում են շատ բարձր, ընդհանուր կարգավորումները  այնքան կաշկանդող են, որ, այնուամենայնիվ, այս փոփոխությունների արդյունքում մենք տնտեսական ազդեցություն չենք ունենա, կարող է ոլորտը մի քիչ բացվի, և մի քանի տնտեսվարող սկսեն աշխատել, բայց դրանք կլինեն ձեռքի մատների վրա հաշված ընկերություններ»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ, իրենց կարծիքով, այս փոփոխությունները լավ են, բայց կարիք կա հասկանալու, թե ինչ տնտեսական արդյունք ենք մենք ուզում այս փոփոխությունների արդյունքում: Նա առաջարկեց մոդելի փոփոխությունը քննարկել: «Ես կասեի, որ սա ոչ թե տնտեսության այլ գյուղատնտեսության ճյուղ է և նաև հնարավորություն կա դեգրադացված հողերի վրա այս ինդուստրիան զարգացնել և լավացնել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր կարծիքով՝ այս նախագիծը մեկ կամ առավելագույնը չորս ընկերությանն է օգուտ տալիս, այն պարագայում, որ խոչընդոտը հարյուրավոր գործարարների առաջ է»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը, ամփոփելով նշեց, որ հարցն այն է, թե այս նախագիծն արդյոք խոչընդոտները վերացնելու է, մրցակցային իրավիճակի վրա ազդելու է: «Կոսմետիկ փոփոխություններով խնդիրները չեն լուծվելու»,- ասաց նա:

Այսպիսով հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին:

729