
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Սուրբ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է:
Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը: Եվ այսօր Քրիստոս, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքերի ու մահվան մեջ էինք:
Հարության շնորհիվ մենք հասկացանք, թե որն է մարդկային կյանքի նպատակը: Մահը, լինելով վախճանը երկրավոր կյանքի, դառնում է սկիզբը՝ երկնավոր կյանքի:
Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:
Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ:
Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Սուրբ Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։
Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։
Այսօր Սուրբ Հարության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ժամը 10:30-ին: