ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծին։ Ըստ այդմ, Հայաստանում ՍՊԸ-ները տարին մեկ անգամի փոխարեն կարող են ընկերության մասնակիցների միջև շահույթի բաշխումն իրականացնել եռամսյակը մեկ անգամ: 

«Մինչև այս ՍՊԸ-ներն իրավունք ունեին շահույթը բաշխել տարին մեկ անգամ: Դա անհարկի արգելք էր նմանատիպ ընկերությունների համար: Հարկ է նշել, որ ՍՊԸ-ները շատ դեպքերում ընտանեկան բիզնեսներ են, այսինքն՝ սեփականատերերը սահմանափակ քանակով անձինք են՝ շատ դեպքերում փոխկապակցված: Իրականության մեջ բոլորս էլ գիտենք, որ այդ գործընթացը չէր կատարվում տարին մեկ անգամ, այսինքն, երբ սեփականատիրոջը որոշակի գումար էր հարկավոր, նա պարբերաբար դա ստանում էր այլ միջոցներով, կազմակերպությունից ձևակերպվում էին փոխառություններ և այլն»,-ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Գերատեսչությունը համարել է, որ նման օրենսդրական արգելքն անտեղի է, և փոփոխությամբ առաջարկում են, որ ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տան ընկերություններին իրենց կազմակերպության ստեղծած շահույթը բաշխել սեփականատերերի մեջ: Այսպիսով՝ սահմանվում է, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:

Ըստ փոխնախարարի՝ սա կօգնի փոքր ու միջին ձեռնարկություններին ավելի ճկուն լինել:

421