Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են արմատական ակտիվիստի, որը կասկածվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի մեջ:

Այս մասին գրել է «Parisien» թերթը։

«Ուլտրաձախ ակտիվիստը հետախուզման մեջ է եղել և կալանավորվել է, նա մեղադրվում է ապրիլին հանրապետության նախագահի դեմ մահափորձ կատարելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը մի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ երկրում ստրկության վերացման 175-ամյակի կապակցությամբ ֆրանսիացի առաջնորդի՝ Դուբսի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Նախագահի մասնակցությամբ միջոցառմանը հավաքվել են նաև նրա քաղաքականության, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները։ Ցուցարարները նույնիսկ փորձել են ճեղքել շղթան, ինչը ստիպել է ժանդարմներին արցունքաբեր գազ կիրառել:

Միջոցառման ավարտից հետո 20-ամյա ձախ ակտիվիստը Մակրոնի հեռանալու ժամանակ ծխային ռումբ է նետել ուղղաթիռի մեջ։ Հետաքննության արդյունքում պարզվել է հանցագործի ինքնությունը, որից հետո նա բերման է ենթարկվել իր տանը և կալանավորվել։ Հակաահաբեկչական դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել երեք հոդվածով՝ ժանդարմերիայի ուղղաթիռը ոչնչացնելու փորձ, դրանում գտնվող անվտանգության աշխատակիցների դեմ մահափորձ, և պետության ղեկավարի դեմ մահափորձ։

Ինքը՝ ձերբակալվածը, չի հերքել իր արարքը և հայտարարել է, որ ցանկանում է Մակրոնին այս կերպ հասկացնել, որ երկրի բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ։ Դատախազությունը պնդում է հանցագործին կալանքի տակ պահել դատական վարույթի շարունակման ընթացքում, տղամարդուց պահանջվում է նաեւ հոգեբուժական փորձաքննություն:

940