Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը 2024 թվականի փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց, կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում: Նրա կողքին կհուղարկավորվի նաև նրա կինը՝ Մելինե Մանուշյանը, որը նույնպես Դիմադրության մասնակիցներից է եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։
«Տեղեկությունն այսօր պաշտոնապես հաստատել է նախագահ Մակրոնը: Մանուշյանը Դիմադրության շարժման առաջին այլազգի մարտիկն է, որը «մտնում է» Ֆրանսիայի Հանրապետության մեծերի տաճարը»,- գրել է նա:
Նշենք, որ Մանուշանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում և մեծարում են որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ և անվախ մարտիկներից մեկը: 1946 թվականին Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որն այնուհետև թարգմանվել և հրատարակվել է Երևանում։ Մանուշյանը հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի: