Հունիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Վայք քաղաքի Սիամանթոյի փողոցում, իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: