ՀՅԴ պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցելության ժամանակ հանդիպում ունեցավ տեղի ազդեցիկ տարբեր շրջանակների, այդ թվում՝ հայ համայնքի հետ։ Ըստ այդ հաղորդագրության՝ Մակրոնն ասել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:
Այնուհետև նախագահ Մակրոնն ասել է. «Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով վճռականությանս: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային հանրության մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական իր կցորդին, ինչը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞: Մենք պիտի անենք մեր կարողացած առավելագույնը»:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյոք ներկա եղել է և արդյոք Մակրոնը նման բան ասել է․ «Ես տեղյակ չեմ այս խոսքերին, բայց կարող եմ ասել, որ ամեն անգամ, երբ մենք կազմակերպության անդամներով հանդիպել ենք, նման խոսք ես երբեք չեմ լսել նրանից։ Ես շատ զարմանցած եմ, որ նման տեղեկություններ են տարածվում, և թե որտեղից կգան այդ լուրերը, չգիտեմ, բայց ես նման խոսք, կրկնում եմ, երբեք չեմ լսել նրանից»,- ասաց Արա Թորանյանը։
Մարսելում տեղի ունեցած հանդիպմանը Թորանյանը ներկա չի եղել և տեղյակ չէ՝ ինչ են խոսել, բայց նշեց, որ շատ զրամացած են հրապարակված լուրերից։ Հարցին՝ արդյոք փորձե՞լ է ճշտել՝ նման հարցուպատասխան եղե՞լ է, Թորանյանն արձագանքեց․
«Ո՛չ, չեմ ճշտել, քանի որ շատ տեղեկություներ կան, որ կարող են ճիշտ կամ սխալ լինել, ես ամեն անգամ չեմ ճշտում, ամեն կազմակերպություն թող ինքը պատասխանատվություն կրի, ես ոստիկան չեմ»,-հավելեց Թորանյանը։