![](https://araratnews.am/admin/images/1689244159.jpg)
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին օրը G7 երկրների ղեկավարները և Ուկրաինայի նախագահը ստորագրել են Ուկրաինային ռազմական օգնության և անվտանգության երաշխիքների մասին հռչակագիրը։
G7-ի երկրները պարտավորվել են ապահովել Ուկրաինայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում և անհապաղ արձագանքել Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիային, եթե դա տեղի ունենա ապագայում, այսինքն՝ ներկայիս պատերազմի ավարտից հետո։
Նախագահ Զելենսկին հռչակագիրն անվանել է «կարևոր հաղթանակ» Ուկրաինայի համար։ Մինչ այդ նա ասել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները համարում է լավ, բայց ոչ իդեալական, քանի որ Ուկրաինան դաշինքի պաշտոնական հրավեր չի ստացել։
Հռչակագրում, որը ստորագրել են G7 պետությունները, թվարկված են երեք հիմնական մեխանիզմներ, որոնցով G7-ը մտադիր է հասնել այդ նպատակին:
- Դրանք կապահովեն ուկրաինացի զինվորականներին, որոնք կարող են պաշտպանել Ուկրաինան և կանխել ռուսական ապագա ագրեսիան։ G7-ը խոստանում է հասնել դրան՝ տրամադրելով ժամանակակից սպառազինություն (առաջնահերթությունը կտրվի հակաօդային պաշտպանության համակարգերին, հրետանուն, զրահատեխնիկային և հեռահար հարվածային զինատեսակներին), զարգացնելով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը, վերապատրաստելով ուկրաինացի զինվորականներին, համագործակցելով հետախուզական ոլորտում, աջակցելով կիբերանվտանգության ոլորտում:
- G7-ը խոստանում է ուժեղացնել Ուկրաինայի տնտեսությունը, այդ թվում՝ երկրի վերականգնման և էներգետիկ անվտանգության ապահովման միջոցով։
- Յոթնյակը մտադիր է նաև Ուկրաինային տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն՝ ներկայիս ռուսական ներխուժման հետևանքների դեմ պայքարելու համար:
Հռչակագիրը պարունակում է նաև մի քանի պարտավորություններ, որոնք ստանձնել է Ուկրաինան։
Մասնավորապես, Կիևը պետք է շարունակի լայնածավալ բարեփոխումները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև բարելավի իրավապահ մարմինների, դատարանների, կորպորատիվ և պետական կառավարման աշխատանքը։