Երկու տարի առաջ Ազգային ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որն ամենակարեւոր օրենսդրական փոփոխություններից էր 2010 թվականից հետո, երբ վավերացրեցինք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան: Այսօր շատ կարեւոր էր, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ քննարկեցինք, թե ինչ քայլեր են իրականացվել օրենքի իրացման ուղղությամբ եւ ինչպես է կազմակերպվում հատկապես իրազեկումը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը ««Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում:

Համաժողովը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում:

Ազգային ժողովը վերջին երկու տարիներին ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին: «Շատ կարեւոր է, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների եւ նրանց շահերը ներկայացնող կառույցների հետ համատեղ քննարկենք այդ օրենքների իրացման, կյանքի կոչման սկզբունքներն ու հնարավորությունները»,- նշել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Դեռեւս 2017 թվականին «Ագաթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան: «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը նշել է, որ համաժողովի նպատակն է նպաստել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիարժեք կիրարկմանը: «Օրենքի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը նպաստելու համար ծրագրի շրջանակում մի շարք գործողություններ է իրականացրել նաեւ կոալիցիան, մասնավորապես, Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում կազմակերպվել է օրենքի վերաբերյալ 70-ից ավելի աշխատաժողով շուրջ 1500 հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար: Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր են կնքվել հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, որոնք իրազեկման գործողություններ են իրականացրել շահակիրների եւ շահառուների համար»,- ասել է Գայանե Գրիգորյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է գործադիրի կատարած աշխատանքները, որոնք միտված են խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածությանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

«Միայն 2021-2022 թվականների ընթացքում, որպեսզի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը կարողանար գործարկվեր, շուրջ 35 իրավական ակտեր են փոփոխվել, որի արդյունքում հնարավոր է դարձել իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահատումը: Բնականաբար, օրենսդրական փոփոխությունները ստատիկ չեն, եւ պետք է անընդհատ դրանք փոփոխել` ելնելով իրավակիրառ պրակտիկայից եւ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու սկզբունքներից: Ներկայում երկրորդ շրջափուլով շուրջ 67 փոփոխություններ են իրականացվել, որոնք արդեն հնարավորություն կտան ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել հիմնական գործող օրենսդրական դաշտին»,- մանրամասնել է Տաթեւիկ Ստեփանյանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարեւորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք կիրարկումն ու իրական հնարավորությունների բացահայտումը: «Հայաստանում մենք տարբեր  ձեւաչափերով նպաստում ենք ներառականությանը. աշխատում ենք  ե'ւ ինստիտուցիոնալ, ե'ւ իրավական հարցերով: Համագործակցում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ սոցիալական պաշտպանության ոլորտում: Մենք փորձում ենք զարգացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան աջակցել հաշմանդամություն ունեցողներին»,- ասել է Ֆրանկ Հեսսը:

Համաժողովի ընթացքում օրենսդիր, գործադիր մարմինների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածության բարձրացման ուղիներին եւ նրանց ակնկալիքներին: Պանելային քննարկման երկրորդ հատվածը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը:

792