
Այս տարի Վարդավառը Տավուշում կնշվի հուլիսի 23-ին։ Տավուշի մարզում՝ Իջևանում, Դիլիջանում և Բերդի տարածաշրջաններում, Վարդավառը նշվում է հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը։ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ հուլիս ամսվա վերջին կիրակի օրը։ Իսկ Ոսկեպար գյուղի Վարդևորը մշտապես նշվում է օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը։
Այս ավանդույթի կապակցությամբ մենք զրուցեցինք Տավուշի բնակիչ՝ իջեւանցի Արամի հետ։ Արամի համար տոնը եկաղեցական չէ, ավանդույթ է, որը եկել է պապերից։
«Էդ օրը Նոր տարուն հավասար, նույնիսկ մի բան էլ ավելին է մեր մարզում, հիմնականում նշում են ընտանիքներով, հարևաններով, հարազատներով։ Մարդիկ կան` տանն են նշում, մարդիկ կան`անտառում են նշում՝ գետերի, առուների կամ աղբյուրների մոտ։ Մարդիկ ոչ միայն ջրում են միմյանց, այլեւ մեծ ու առատ սեղաններ են գցում, պարտադիր գառ են մորթում, կեսը խորովում են, կեսը խաշլամա են սարքում, հավանաբար դա կապ ունի հեթանոսական՝ կենդանի զոհաբերելու ծեսի հետ»,- պատեց Արամը։
Տոնին պատրաստվելը սկսվում է նշված օրն առավոտյան, բայց կանայք մեկ օր շուտ են սկսում պատրաստվել, քանի որ տոնին բնորոշ կարևոր բաղադրիչ է «Նազուկ» կոչվող քաղցր հացը, որը հնուց եկած պարտադիր ուտեստ է հատուկ այդ տոնի սեղանի համար, և պատրաստելը երկար ժամանակ է խլում, այդ իսկ պատճառով մարզի տարեց կանայք այն պատրաստում են մեկ օր շուտ։
«Եթե մարդիկ Տավուշից են` իրանք Երևան կապրեն, թե Ռուսաստան կապրեն կամ այլ տեղ, կապ չունի, ճնշող մեծամասնությունը էդ օրը պարտադիր հետ ա գալիս իրենց տները՝ տոնն էստեղ նշելու համար։
Ես մեր հոգեւորականների հետ էլ եմ զրուցել, իրանք ոչ մի խնդիր չեն տեսնում, ժողովրդական ավանդույթ ա, մեր կողմի ժողովուրդը էդ ձև ա նշում»,- ասում է Արամը։
Մի տարի էլ հուլիսի 20-ը կիրակի է եղել, և տավուշցիները չեն իմացել, թե երբ պետք է նշեն տոնը, մարդկանց մեծ մասը շփոթության մեջ է ընկել, չեն իմացել 20-ին նշեն, թե 27-ին։ Եվ այդ տարի տոնը նշել են թե՛ 20-ին, թե՛ 27-ին, երկու օրն էլ` շախով-շուխով։
Կանայք սեղան են գցում, տղամարդիկ գառ են մորթում, երեխաները միմյանց ջրում և ուրախանում են, ահա թե ինչպես է անցնում Տավուշում Վարդավառը կամ ինչպես տավուշցիներն են ասում` Վարդևորը (նկատենք, որ Տավուշում Վարդավառին տալիս են Վարդևոր կամ Վրդիվեր անվանումները):
Վարդավառի տոնը նշում են նաև Համշենում: Համշենահայերը նույնպես գերադասում են հավաքվել սարերում, գետերին մոտ հարթ մարգագետիններում: Ինչպես և մնացյալ վայրերում, այստեղ ևս տոնի կարևոր բաղադրիչ է ջրոցին: Տավուշցիների նման համշենցիները Վարդավառը ևս կոչում են «Վարդևոր»:
Սիլվի Պետրոսյան