Այսօր մեկնարկում են հայ–ամերիկյան «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ 2023» համատեղ զորավարժությունները: Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ–ն՝ «Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ Կարողությունների Հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունները ենթադրում են կայունացման գործողություններ հակամարտող կողմերի միջև՝ խաղաղապահ խնդիրներ իրականացնելիս։

ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։ Մասնավորապես, կներգրավվեն ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց հետ Հայաստանը համագործակցության ծրագիր ունի 2003 թվականից։

738