
Չնայած նրան, որ ընդդիմությունը երեկ հայտարարել էր, թե այսօր առավոտյան՝ 7 անց 30-ից, սկսվելու են զանգվածային դասադուլները և գործադուլները, այնուամենայնիվ, ՀՀ բուհերում այս պահին դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Իմ ուսանողները դասին նստած են»։ Ըստ նրա՝ որոշ բացականեր ունեն, բայց դրանք պայմանավորված են միայն ճանապարհների փակ լինելու վերաբերյալ խոսակցություններով, ինչի հետևանքով որոշ ուսանողներ դասի չեն եկել։
Երևանի պետական համալսարանից էլ ընդգծեցին՝ մեծ թվով բացականեր ունեն, բայց պաշտոնապես դասադուլ չկա, դասերը շարունակվում են:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, այստեղ դասերը նույնպես բնականոն կերպով ընթանում են, սակայն բացակա ուսանողներ էլ կան։
Հայկական պետական մանկավարժական համալսարանից էլ մեզ փոխանցեցին, որ բուհում ևս կան բացակա ուսանողներ, բայց նրանց բացակայությունը չի կարելի կապել դասադուլով և հայտարարված ակցիաներով, քանի որ համալսարանի մեծ թվով ուսանողները մարզից են և երեկ տեղեկանալով, որ այսօր որոշ փողոցներ գուցե փակ լինեն, այդ պատճառով որոշել են չհաճախել բուհ, մի մասը ճանապարհի կեսից հետ է վերադարձել տուն։ Որևէ պլանավորած դասադուլի մասին ուսանողները չեն զգուշացրել բուհին։
Հաստատությունից ընդգծեցին՝ ուսանողների սահմանադրական իրավունքն է բուհ հաճախել կամ չհաճախելը, բայց համալսարանը ապաքաղաքականցված կառույց է։