
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Հարավային Կովկասի հետ համագործակցության համակարգող Ռոբին Վագեները Table.Media-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փախչելով Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքներից։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներից շատերն այլևս չեն տեսնում իրենց ապահով ապագան իրենց հայրենիքում։ Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ են զգում մարդիկ։ Արտաքին գործերի նախարար Բերբոքն աշխատում է մեր գործընկերների հետ՝ ապահովելու, որ դիտորդները վերջապես կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ։ Լավ է, որ Ադրբեջանի կառավարությունն այժմ ազդանշան է տվել, որ ՄԱԿ-ի աշխատակիցները շուտով կկարողանան զեկուցել տեղում իրավիճակի մասին: Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ հազարավոր մարդկանցով մեքենաների շարասյուները շարժվում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհով: Հնարավոր է, որ առաջիկա օրերին բնակիչների ճնշող մեծամասնությունը միանա նրանց, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը կարող է գրեթե հայաթափվել»,- ասել է դիվանագետը:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի ռազմական միջամտությունը Լեռնային Ղարաբաղում վկայում է աշխարհում ուժերի նոր բաշխման մասին, նա պատասխանել է, որ Ադրբեջանը իր գումարները ներդրել է պատերազմի մեջ՝ չնայած Հայաստանի հետ շարունակվող խաղաղ բանակցություններին, չնայած հակառակ խոստումներին։
Նա նաև հավելել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է։ «Ադրբեջանը կարևոր էներգետիկ միջանցք է դեպի Եվրոպա, բայց միևնույն ժամանակ մենք պետք է Բաքվին հասկացնենք, որ ռազմական հետագա էսկալացիան անհետևանք չի մնա։ Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը. ապակայունացման փորձերը, անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս, անընդունելի են»,- նշել է Վագեները։