Քննարկվելու են բազմաթիվ հարցեր, կրթականից սկսած եւ ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը կգտնեն այս հանդիպման ընթացքում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողի ճշտող հարցին, որ փաստորեն Հայաստանը ռազմական գործակցությունը ընդլայնում է, Քոչարյանն արձագանքեց. «Բայց դա այնքան ակնհայտ է, որ ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաեւ քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն եւ հենց 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք բոլոր այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք եւ ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաեւ ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր երկրի կայունությանը առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց պատշաճ լուծումները»։

Քոչարյանը նշեց,
 որ ԱԺ բյուջետային քննարկումներում բոլորը հնարավորություն կունենան թույլատրելի սահմաններում ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններ՝ որոշակի բացված փակագծերով։

Լրագրողի հարցին, թե Անդրանիկ Քոչարյանը եւ Սամվել Բաբայանը ինչ են ուզում Արցախի իշխանություններից. «Ուզում ենք, որպեսզի Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը Հայաատան տեղափոխվելուց հետո։ Մի օր ասում են՝ ստորագրել են, մի օր ասում են՝ չենք ստորագրել, մի օր ասում են՝ այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները չմնան. եւ մեկ էլ ասում են՝ պետք է գլուխ ջարդենք, ես էլ ասում եմ՝ չէ պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակներ գլուխներ փրկելու։ Թող կողմնորոշվի՝ ստորագրել է, թե չի ստորագրել, եթե ասում է ուժ չունի՝ հարց է առաջանում՝ ինչի՞ է արցախահայությունը լքել Արցախը»։

Քոչարյանը հավելեց, որ տարբեր երկրներից Հայաստան մատակարարվող զենքերը փորձարկումների են ենթարկվում եւ դրանց արդյունքները շատ գոհացուցիչ են։

725