
«Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ մեր քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների միայն 41% է գտնում, որ տեսական գիտելիքներն իրենց աշխատանքի պահանջներին համապատասխանում են, և 43%-ը գտնում է, որ գործնական հմտությունները համապատասխանում են իրենց հետագա աշխատանքի պահանջներին, մինչդեռ մենք կրթության զարգացման պետական ծրագրով սահմանել ենք թիրախ, որ շրջանավարտների առնվազն 90%-ն իրենց մասնագիտությամբ զբաղվածություն ապահովեն: Պետք է նշել նաև, որ հետազոտական տվյալներով՝ գործատուների 78%-ը գտնում է, որ շրջանավարտներին աշխատանքի ընդունելիս առնչվում է նրա գործնական կարողությունների պակասի հետ և արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ մեր երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կամ գերկրթված են, կամ թերկրթված»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նոր նախագծի փաթեթով առաջարկվում է ստանալ կրթության մի համակարգ, որով աշխատաշուկայի և տնտեսության կարիքներին բավարարող արդիական ու որակյալ կրթություն կկազմակերպվի, կբարելավվի կապը գործատուների և կրթության միջև, կբարձրանա նաև շրջանավարտների զբաղվածությունը:
Վերացվելու է տարբերակումը քոլեջների և ուսումնարանների միջև՝ թողնելով մեկ տեսակ՝ քոլեջ, որը կարող է իրականացնել արհեստագործական և միջին մասնագիտական ծրագրեր:
Օրենսդրական փոփոխություններ ենթադրող միջոցառման գլխավոր նպատակը ՄԿՈՒ (մասնագիտական կրթություն և ուսուցում) ոլորտի զբաղունակության բարելավումն է: ՄԿՈՒ-ն նշանակալի ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Ըստ այդմ՝ ոլորտի պատշաճ իրավական կարգավորումը անհրաժեշտ նախապայման է ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացման, գործատուների ներգրավման և սոցիալական գործընկերության ընդլայնման, եվրոպական կրթական տարածքին ինտեգրման և որակավորումների փոխճանաչմանը նպաստելու առումով։ ՄԿՈՒ համակարգի զարգացման ընթացքում գերակա միտում ունի աշխատանքի վրա հիմնված կրթության ներդրման և կիրառման հնարավորությունների ընդլայնումը, ինչը թույլ կտա մի կողմից գործատուներին ներգրավված լինել կրթական գործընթացներում, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մասնակցել նորարարական նախագծերին, սեփական տեխնոլոգիաների ու արտադրանքի ստեղծմանը, իսկ մյուս կողմից՝ կնպաստի սովորողների մոտ տեսական և գործնական համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, զբաղվածության խթանմանը:
«Մեր երկրում կրթական համակարգը ձևավորվել է հետևյալ տրամաբանությամբ, որ մարդիկ մտածում են բարձրագույն կրթություն ստանալու մասին: Ինչը նորմալ է, բայց տեղի է ունեցել հետևյալը. բարձրագույն կրթությամբ դիպլոմներով մարդիկ չեն կարողանում գտնել աշխատանք, ինչը խնդիր է և անհատի, և հասարակության, և պետության համար: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում բարձրագույն կրթության որակը էականորեն փոխվի: Պետք է հանրապետությունում ունենանք պետության կողմից ֆինանսավորվող մինչև 8 բուհ և նույնիսկ մասնավոր բուհերը պետք է տեղափոխվեն ակադեմիական քաղաք: Բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն ակադեմիական քաղաք»- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ակադեմիական քաղաքի ծրագրին զուգահեռ հանրապետության մարզերում նախատեսվում է զարգացնել քոլեջների ցանցը, որ կրթության հասանելիության առումով խնդիրներ չլինեն հանրապետությունում: