Ադրբեջանում նոր սկանդալ է հասունացել, այս անգամ՝ սպորտային աշխարհի մասնակցությամբ:

Բանն այն է, որ երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է, թե «ադրբեջանցի լրագրողների նման հիմար ու պարապ լրագրողների ամբողջ կյանքում չի հանդիպել», այնուհետ՝ զավեշտալի համեմատություն արել ադրբեջանական ֆուտբոլային թիմի մասին:

Ամեն ինչ սկսվել է, երբ  նոյեմբերի 19-ին Եվրո-2024-ի ընտրական եզրափակիչ տուրում Բելգիայի հավաքականի հետ 5-0 հաշվով ավարտված խաղից հետո Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, ազգությամբ իտալացի Ջանի Դե Բիազին վիրավորել է ադրբեջանցի լրագրողներին:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի հավաքականի մարզիչը փորձել է բացատրել պարտության պատճառները՝ մասնավորապես նշելով, որ Շվեդիայի հավաքականի հետ վերջին խաղից երեք օր անց ֆուտբոլիստները պարզապես չեն հասցրել հանգստանալ։։ Նա նաև նշել է, որ թիմը տասը հոգով է խաղացել այն բանից հետո, երբ 24-րդ րոպեին Էդդի Իսրաֆիլովը հեռացվել է խաղադաշտից։

Լրագրողներից մեկի հարցը, թե ինչու՞ Դե Բիազին Իսրաֆիլովին առաջին րոպեից է բաց թողել խաղադաշտ, երբ վերջին հանդիպումների հերոսներից մեկը՝ Ջոնգուշ Դինիևը, մնացել է պահեստայինների նստարանին, նյարդայնացրել է մարզչին։

Նա հայտարարել է, թե նման որոշումները միայն իր գործն են:

Սրանից հետո մարզչին հարցրել են, թե Ադրբեջանից հեռանալիս կկարոտի՞ ադրբեջանցի լրագրողներին։ 

«Իհարկե՝ ոչ, որովհետև ես իմ կյանքում երբեք չեմ հանդիպել նման հիմար լրագրողների։ Նրանք պարզապես հիմար են, նրանք ոչինչ չեն կարողանում անել, պարապ են և հիմար հարցեր են տալիս»,- ասել է Դե Բիազին։

Այնուհետ նա համեմատել է Ադրբեջանի հավաքականը հնամենի «Ֆիատ-500» մեքենայի հետ և ասել, որ լրագրողները ուղղակի չեն հասկանում, որ այս մեքենան ի վիճակի չէ «առաջ անցնել» Բելգիայի ազգային թիմից, որին կոչել է «Ֆեռարի» մեքենայի մակարդակի թիմ:

Դե Բիազին այնքան է բարկացել լրագրողների հարցերինց, որ երբ ցանկացել է դուրս գալ ասուլիսից, սկզբում  սայթաքել է աթոռի վրա, իսկ հետո փորձել է հեռանալ սխալ դռնով: Դուռը, որը փակ է եղել, էլ ավելի է զայրացրել մարզչին:

Ադրբեջանի ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիայի (AFFA) գլխավոր քարտուղար Սարխան Հաջիևը ներողություն է խնդրել լրագրողներից Դե Բիազիի հայտարարության համար:

Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Ռաշադ Մաջիդն էլ, մեկնաբանելով Ջանի Դե Բիազիի հայտարարությունները, հայտարարել է, թե Դե Բիազիի հայտարարությունները չեն տեղավորվում էթիկայի շրջանակներում և պետք է դատապարտվեն։

Նշենք, որ իտալացի Ջանի Դե Բիազին, ով նշանակվել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ 2020 թվականի հուլիսին, պայմանագիր ունի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի (AFFA) հետ, որն ավարտվում է այս ամսվա վերջին։

Դե Բիազիի գլխավորությամբ ադրբեջանական ֆուտբոլային թիմը տարել է 10 հաղթանակ, կրել 21 պարտություն և 8 անգամ ոչ-ոքի խաղացել։ 

646