Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում առաջարկվելու ներդրնել կերհանդակների օգտագործման ագրոբնապահպանական վճարման համակարգ՝ ՀՀ ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

«Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և  արժեքավոր      էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագրի ղեկավար Մերի Մարտիրոսյանի հետ զրուցել ենք ներդրման մեխանիզմի և դրա կարևորության մասին:

Ի՞նչ է մեխանիզմով է ներդրվելու ագրոբնապահապանական վճարը:

Ագրոբնապահպանական վճարը պետական համաֆինանսավորմամբ և համայնքային կամ ֆերմերային տնտեսությունների ֆինանսական միջոցներով տրամադրվող աջակցություն է, որը օգտագործվելու է բնական կերհանդակների՝ արոտների ու խոտհարքների պահպանության և  վերականգնման համար։

Ներդրվող վճարի սխեմայի համաձայն՝ պետական, ֆերմերային կամ համայնքային ուժերով որոշվում են դեգրադացված տարածքները և գնահատվում դրանց դեգրադացման աստիճանը:

Ընտրված հողերի վերականգնման համար հաշվարկվում է ագրո-բնապահպանական վճարի չափը՝ ըստ առաջարկվող բանաձևի, ապա այն համադրում և ճշգրտվում է նախատեսվող բարելավման միջոցառումների նախահաշվային գների հետ:

Պետական ֆինանսավորմամբ  ծախսերի մի մասը բաշխվում է ըստ դերակատարների՝ խոշոր ֆերմերների դեպքում 50%, համայնքների դեպքում՝ 70%: Իսկ մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների գնահատված արդյունքների բավարար լինելու դեպքում կտրամադրվի խրախուսական վճար՝ 30%  կամ հեկտարի հաշվով պայմանական հաստատագրված գումարի չափով:

Ո՞ր համայնքներում կիրականացվի պիլոտային ծրագիրը: Խնդրում եմ նկարագրել վճարի ներդրման կարևորությունը:

Արոտավայրերն ու խոտհարքները գյուղատնտեսության հիմք կազմող բնական ռեսուրսներ են, քանի որ ապահովում են գյուղատնտեսական կենդանիների հիմնական կերային բազան։ Վճարի ներդրումը կարևոր է, քանի որ այն ոչ միայն հնարավորություն կտա ապահովել այդ տարածքների պահպանությունը և կայուն օգտագործումը, այլև կնպաստի համայնքային լրացուցիչ ֆինանսական միջոցների ձևավորմանը՝ ուղղված արոտների ու խոտհարքների բարելավմանն ու վերարտադրությանը։

Չնայած՝ կերհանդակների գյուղատնտեսական կերարտադրության և էկոհամակարգերի պահպանության կարևորությանը, դրանք շարունակում են դեգրադացվել ոչ միայն կլիմայական փոփոխությունների, այլև չկանոնակարգված օգտագործման և պահպանության հետևանքով (անտրոպոգեն կամ տնտեսական գործունեության արդյունքում)։

Ինչպե՞ս է այն ազդելու գյուղատնտեսական և բնապահպանական ոլորտների վրա:

Բնակավայրերին մոտ գտնվող (մինչև 4 կմ) արոտավայրերը գերարածեցված են, որի հետևանքով նկատվում է բուսածածկի նոսրացում, հողի սննդանյութերի նվազում, դեգրադացման միտումներ, հողի էրոզիա, որտեղ պետք է ներդնել հերթափոխային արոտօգտագործման համակարգերը։

Միաժամանակ, հեռավոր բարձրադիր արոտները (բնակավայրից ավելին քան 4 կմ հեռու), որոնք բնութագրվում են բարձրարժեք ենթալպյան և ալպյան բուսատեսակներով, հաճախ մնում են չօգտագործված՝ դժվար հասանելիության, ենթակառուցվածքների բացակայության և այլ օբյեկտիվ պատճառներով, ենթարկվում են հնարավոր թփապատման ու բնական բուսական կազմի փոփոխման։

Այս օրինակը ցույց է տալիս, որ առկա է արոտային ռեսուրսների տարածական անհավասար բաշխման և օգտագործման խնդիր։ Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է անցում կատարել ավելի հավասարակշռված, տարածքային տվյալների վրա հիմնված արոտների կառավարման մոտեցումների։ Ներդրվող ագրոբնապահպանական վճարը հնարավորություն կտա որոշ չափով մեղմել այս խնդիրը և կանխել հողերի դեգրադացիան՝ նպաստելով բուսածածկի վերականգնմանը, հողի արտադրողականության բարձրացմանը և կենսաբազմազանության պահպանմանը։ Արդյունքում կխթանվի տարածքներին բնորոշ բուսական և կենդանական տեսակների պահպանությունն ու բազմազանությունը, իսկ անասնապահության համար կապահովվի կայուն և երկարաժամկետ կերի բազա։

Ագրոբնապահպանական վճարի ներդրման համար ի՞նչ հիմքեր կան, արդյո՞ք համայնքներում պատրաստ են այդ նորարարությանը:

Արոտների և խոտհարքների դեգրադացիայի դեմ միջոցառումների իրականացումը պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ։ Ներկա պահին հողերի վերականգնման համար հասանելի հիմնական ֆինանսական աղբյուրը արոտօգտագործման վարձավճարներն են, որոնք գանձվում են օգտագործվող տարածքների, ինչպես նաև արածեցվող անասնատեսակների ու անասնագլխաքանակի հիման վրա՝ համայնքային իշխանությունների հետ կնքված պայմանագրերով։

Այս համատեքստում ներդրվող ագրոբնապահպանական վճարը կծառայի որպես լրացուցիչ ֆինանսական գործիք, որը հնարավորություն կտա ոչ միայն ապահովել հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը, այլև կանխել հողերի հետագա դեգրադացիան։ Այն կնպաստի բուսածածկի բարելավմանը, հողի արտադրողականության բարձրացմանը և կենսաբազմազանության պահպանմանը՝ միաժամանակ ապահովելով անասնապահության համար կայուն կերի բազա։

Ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ կազմակերպվել են հանդիպումներ համայնքների ղեկավարների հետ, ովքեր իրենց պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն մասնակցել և աջակցել առաջարկվող նախագծին, ինչը կարևոր նախադրյալ է նախաձեռնության հաջող իրականացման համար։

Եթե ամեն ինչ հարթ ընթանա, հնարավո՞ր է այն ներդրվի այլ համայքներում:

Եթե պիլոտային փուլում ծրագիրը հաջողությամբ իրականացվի և ստանանք ակնկալվող արդյունքները, ապա ագրոբնապահպանական վճարի ներդրումը նախատեսվում է աստիճանաբար տարածել Հայաստանի ողջ տարածքում։ Բացի այդ, այս փորձը կարող է ստեղծել բարենպաստ հիմք, որպեսզի նույն սխեման կիրառվի նաև այլ բնական ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ ապահովելով դրանց պահպանությունն ու կայուն օգտագործումը։

Հարցազրույցը՝ Գայանե Ասրյանի

 

 

339