
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու կրթության ոլորտին վերաբերող նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի դիմելու ընթացակարգին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվելու՝ ուսուցչի թափուր հաստիքներին դիմելու հնարավորություններին:
Ներկաներին հատկապես հետաքրքրել է՝ հնարավո՞ր է, որ կամավոր ատեստավորումը դառնա պարտադիր: Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պարտադիր կերպով կամավոր ատեստավորում պետք է անցնեն այն մանկավարժները, որոնք առաջին անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարել կամ ուսուցչի կարիքի գնահատման արդյունքում արձանագրվել է առարկայական գիտելիքի խնդիր: Հստակեցվել է նաև տարակարգի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:
Աշխատանք փնտրող մասնագետների համար նախարարը ներկայացրել է ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման կարգը՝ ընդգծելով, որ կարգից օգտվող ուսուցիչների համար գործում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝ 30 տոկոս հավելավճար, ճանապարհածախսի, բնակարանի վարձակալության, կոմունալ վճարների փոխհատուցում և այլն: Գործուղվող ուսուցիչներն աշխատանքի են անցնում արտամրցութային հիմունքով. չհամալրվող թափուր տեղերի մասին տեղեկությունը հասանելի է kadrer.esmis.am կայքում, որտեղ առկա է հանրապետությունում գործուղվող մանկավարժների թափուր հաստիքների մասին ամբողջական տեղեկատվություն:
Նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հետաքրքրվել է նոր դասագրքերի, դրանց փոխարինող թղթապանակների արդյունավետության, առաջացրած խնդիրների մասին՝ համակարգային փոփոխությունների համատեքստում կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարծիքն ու դիտարկումը: