Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը չի կարելի համարել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացի վերագործարկում, այլ ընդամենը՝ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո  առաջին պաշտոնական հանդիպում։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Մյունխենում տեղի ունեցած՝ ՀՀ, ԳԴՀ և ԱՀ ղեկավարների եռակողմ հանդիպումից, նշելով, որ նախկինում նման եռակողմ հանդիպում Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ չի եղել։

Հարցին՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունն այն մասին, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին, նշանակում է, որ վերջին շրջանի լարվածությունը թոթափվել է որոշակիորեն, Պետրոսյանը պատասխանեց․ «Դժվար է նման բան ակնկալելը․ մյունխենյան հանդիպումը անշուշտ կարևոր է, բայց այն կարգավորման գործընթացի վրա հազիվ թե ազդեցություն ունենա։ Նույն Սյունիքում տեղի ունեցած միջադեպին հաջորդեց Ադրբեջանի նախագահի երդմնակալության ընթացքում հնչեցված ելույթը, որը լի էր  հակահայկական ուղերձներով։ Այլ բան է, որ միջազգային նման բնույթի հանդիպումների ժամանակ, իհարկե, կողմերը պետք է խոսեն դրական օրակարգի մասին, բայց արդյոք բովանդակային փոփոխություն կլինի՝ ես դժվարանում եմ ասել»։

Պարզաբանելով, թե ինչու է Ադրբեջանից անընդհատ հնչում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ պահանջներ, եթե կողմերը  խաղաղության պայմանագրի ընդունմամբ հետագայում էլ հղում անելով իրենց ներքին օրենսդրությանը չեն կարող միմյանց տարածքային պահանջներ ներկայացնել, Պետրոսյանն ասաց․ «Սա Ադրբեջանի քաղաքական ուղեգիծն է, այսինքն՝ անկախ նրանից Հայաստանից ինչ հայտարարություններ, հակադարձումներ կլինեն՝ նրանք մտել են այս գործընթացի մեջ և  անընդհատ բարձրաձայնելու են այս թեման և եթե դա ինչ-որ զարգացում ունենա՝ բնականաբար  դա ներկայացնելու են որպես ադրբեջանական կողմի պահանջի կատարում ՀՀ-ի կողմից, բայց զուգահեռաբար, նաև, այսպես նրանք խոչընդոտներ են առաջացնում Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված, որովհետև այդ փոփոխությունների դեմ այստեղ կան քաղաքական ուժեր, որոնք պնդում են, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են ադրբեջանական կողմի պահանջով, այսինքն՝ դրանով իսկ հասարակության մեջ նեգատիվ վերաբերմունք են առաջացնում այս պրոցեսների նկատմամբ, հետևաբար՝ Ադրբեջանը խաղի մեջ մտնելով լիարժեք հաջողելու երկու տարբերակ է տեսնում, մեկը՝ նախ առաջինը, որպեսզի ընդհանրապես տեղի չունենա այդ հանրաքվեն, որովհետև նրանք այդպես էլ պլանավորել են Հայաստանի հետ կարգավորման հետագա գործընթացը, այսինքն՝ տեղի չունենան այդ փոփոխությունները և  խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, երկրորդը՝ եթե այնուամենայնիվ այդ փոփոխության պրոցեսը՝ հանրաքվեն սկսվի, որպեսզի նոր սահմանադրության ընդունումը ձախողվի, երկու դեպքում էլ նրանք հերթական անգամ կունենան ինչ-որ պատճառ Հայաստանի դեմ թշնամական  վերաբերմունքը և քայլերը հիմնավորելու և իրենց հնարավոր նախահարձակ քայլերը կպայմանավորեն հայկական կողմի դիրքորոշմամբ կամ մոտեցումներով, ցույց տալով, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության և շարունակում է տարածքային պահանջները Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ»։

Քաղաքագետի կարծիքով՝ նոր սադրանքների գնալիս, պարզ է, որ Ադրբեջանը հաշվի կառնի միջազգային իրադրությունը և այնպիսի իրավիճակ է ընտրելու ռազմական սադրանքների իրականացման համար, երբ միջազգային հանրությունը և հիմնական  տարածաշրջանային դերակատարները  ավելի զբաղված լինեն իրենց համար կարևոր այլ խնդիրներով։

Գեղամ Ադյան

 

 

3634