Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա զինված հարձակմանը, կարծիք հայտնեց, որ այն ենթադրաբար քաղաքական ենթատեքստ ուներ․ «Հայաստանի Հանրապետության տարբեր տեղերում բողոքի ալիքներ են ստեղծվում․ մեկը Ոսկեպարով գնում է Կասպից ծով, մի Հրանտ Բագրատունի կա՝ նախկին վարչապետ, լուսավորչական աշխատանք է տանում՝ մեր ժողովրդին վերադարձնելու դեպի մթին խավարի ժամանակաշրջան»,- ասաց նա։
Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանում նաև կա իր վրա ազգայնական գրած հատված, որոնք գուցե ժողովրդի մի հատվածի ուղեղները կերել են և այդպես՝ տարբեր տեղերում պետության դեմ տարբեր խմբեր մոբիլիզացիա են իրականացնում։
Նկատի ունենալով ԱԺ ընդդիմադիրներին՝ Քոչարյանի տղայի գլխավորությամբ, որոնք հանդիպումներ են ունենում ԼՂ-ից տեղահանված բնակիչների հետ, քաղաքագետն ասաց․ «Իսկ ռևանշիստները ակումբային հանդիպումներ են անցկացնում՝ ենթադրելի է, որ գլխավորապես քաղաքական նպատակներով, որովհետև այդ մարդը ասացին ինչ-որ ասոցիացիաներ ունի ծուռ հայելիների հետ»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ տեղի ունեցող գործընթացները առաջին հերթին կապված են Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացման հետ․ «Հիմքը աշխարհաքաղաքական է՝ Հայաստանի Հանրապետությանը փորձում են թույլ չտալ որոնել ուղիներ, ինքնիշխանությունը ամրապնդել․ մի հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը, որ ուզում ենք Եվրամիության հետ մերձենալ, և արդեն ոռնոցները դրել են տարբեր տեղերից ձևական պատրվակներով։ Ադրբեջանն էլ ձևական պատրվակը տվել է՝ իմ տարածքի մեջ գտնվող հատվածները պետք է վերադարձնես, և այս ամեն ինչը կոմբինացված ձևով աշխատում է, ու կրկնում եմ՝ հիմքը աշխարհաքաղաքական է։ Հայաստանի հոգեկան հիվանդ հատվածը, որը ինքնագիտակցությամբ հայ չէ, բայց ձևականորեն էթնիկական իմաստով հայ է՝ Հայաստանի պետականության հետ կռիվ է տալիս՝ տարբեր ձևական պատճառաբանություններով»։
Սուքիասյանը նշեց, որ պահանջ ունի իշխանություններից․ «Հայաստանում իրավական ամբողջ համակարգի ուժը պետք է դրանք բոլորը իրենց ծոծրակներին զգան, որովհետև Հայաստանում պետությունը շրջանցելը, հակապետական գործողությունները դառնում են սովորական։ Մարդիկ կան Տավուշում սահման չեն հարգում, որովհետև իրեն թվում է՝ ինքը դեռ ֆիդայի է ու Ոսկեպարով պետք է գնա Կասպից ծով։ Իրենց թվում է հայրենասիրության անվան տակ կարելի է օրենք խախտել, նռնակ նետել։ Ես պահանջում եմ իշխանություններից, որ նման գործողությունները օրենքի ողջ խստությամբ պատժվեն»։
Հարցին՝ հնարավոր է՞, որ ընդդիմադիրների ակտիվացումը կապված է նաև ապրիլի 5-ին սպասվող՝ Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպման հետ, քանի որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, թե պետք է պայքարել Երևանում Կառավարության շենքի մոտ՝ Փաշինյանի դեմ, վերլուծաբանն ասաց․ «Ես իրեն ուզում եմ ասել, որ գլխավոր պայքարը Երևանում չէ, գլխավոր պայքարը Ռուսաստանի դեսպանատան դիմաց է, ինքը թող այնտեղ գնա ցույցեր անի ու իրենց դաշնակցից պահանջի կատարել իր պարտավորությունները, սա՝ ըստ էության, բայց պարզ է, որ Հայաստանը ելքեր է փնտրում՝ այդ թվում ապրիլի 5-ին սպասվող հանդիպումը։ Այս մարդիկ տեսնում են՝ ՀՀ-ն պոկվում է 200 տարվա իրենց շատ սիրելի ռուս-թուրքական գործարքից, դրա համար նաև հրաման ունեն՝ արագ ամեն ինչ անել, որպեսզի պետությունը քաշվի ցեխի մեջ, որպեսզի ՀՀ-ն լինի անկայուն և հնարավորություն չունենա վարել այն քաղաքականությունը, որը վարում է։
Վերջինս ընդգծեց՝ մեզնից՝ առաջին հերթին իշխանություններից, շատ բան է պահանջվում․ «Պետական բոլոր ինստիտուտները գիշեր-ցերեկ աչալուրջ պետք է աշխատեն․ մենք պետք է նկատի ունենանք, որ Հայաստանը նպատակ և բանաձև է դրել՝ ճեղքել 200 տարվա գործարքը, և այստեղ շատ թշնամիներ ունենք», - հավելեց Սուքիասյանը։
Գեղամ Ադյան